Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

…Որպեսզի մանկական մահացության դեպքերը կրճատվեն

Աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Այս դեպքերի 98 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին. դրանց 65 տոկոսը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, և դրա կեսից ավելին էլ` առաջին 24 ժամվա ընթացքում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:

 

Մանկական մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով այսօր մեկնարկել է բրիտանական BirthLink հասարակական կազմակերպության և Հայաստանի բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Երևանում նորածնային խնամքի պայմանների բարելավմանն ուղղված նախագիծը: Երևանի պետական բժշկական համալսարանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորի և Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Քալենթերյանի նախագահությամբ այսօր կայացած մամլո ասուլիսին Հայաստանի բժշկական հանրությանը ներկայացվել է նորածնային մահացության դեպքերի կրճատմանն ուղղված նեոնատալ խնամքի պայմանների բարելավման լայնամասշտաբ ծրագիրը:

 

«Գիտակցելով նորածինների խոցելիությունը և պահանջվող խնամքի բարդությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անտարբեր մնալ այս հարցի հանդեպ: Նախագիծը ևս մեկ պարտավորություն է, որ բխում է կորպորատիվ պատասխանատվության մեր գաղափարախոսությունից, քանի որ անտարբեր մնալ մենք չենք կարող»,-հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Ըստ մասնագետների, համապատասխան տեխնիկական հագեցածության, գիտելիքի առկայության և շարունակական մասնագիտական վերապատրաստման պարագայում մահացության այս դեպքերից շատերից կարելի է խուսափել:

 

«Այս նախագիծը սկսելու մեր հիմնական գաղափարը գալիք հինգ տարիների ընթացքում նորածնային մահացության մակարդակի նվազեցումն է` համահունչ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին: Հայաստանի բուժհաստատությունների նորածնային բաժանմունքներին ամենաառաջնային սարքավորումների` հատկապես անմիջապես ծննդից հետո կենսաապահովմանն ուղղված սարքավորանքի տրամադրմամբ մենք հույս ունենք մեծացնել առողջական խնդիրներ ունեցող մանուկների կյանքի հավանականությունը: Սակայն այս նախագծի իրականացումն անհնար կլիներ առանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության և ֆինանսավորման»,-նշել է BirthLink կազմակերպության հիմնադիր Քեթի Մելորը:

 

Հաշվի առնելով, որ Հայաստանում մանուկների 40 տոկոսը ծնվում է Երևանում, այս նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի տաս ծննդատներում, ինչպես նաև` նորածնային բաժանմունք ունեցող մանկական հիվանդանոցում: Այս հաստատություններին մասնավորապես տրամադրվել է թվով 101 սարքավորում` ինկուբատորներ, շնչառության ապահովման համակարգեր, մոնիտորներ և այլն:

 

Առաջիկայում նախատեսվում է վերասարքավորված հիվանդանոցների բուժանձնակազմի համար կազմակերպել դասընթացներ, ինչպես նաև` համապատասխան մասնագետների այցեր` շահագործման հետ կապված խորհրդատվություն ապահովելու նպատակով:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ